Հաշվապահի աշխատանքը շատերը պատկերացնում են անընդհատ հաշվարկներ կատարելով։ Բայց պարզվում է՝ իրականում օրվա կտրվածքով կատարվող աշխատանքները շատ տարատեսակ են։

Հաշվապահի աշխատանքը շատերը պատկերացնում են անընդհատ հաշվարկներ կատարելով։ Բայց պարզվում է՝ իրականում օրվա կտրվածքով կատարվող աշխատանքները շատ տարատեսակ են։
Իհարկե, օրվա բովանդակությունը նաև կախված է կոնկրետ օրվանից, քանի որ որքան մոտ է ամսի 20-ը, այնքան աշխատանքային օրը բաղկացած է հիմնականում հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմմանն ուղղված աշխատանքներից։
Ինչպես ցանկացած մասնագետ, հաշվապահներն էլ ունեն աշխատանքային առաջնահերթություններ՝ կախված աշխատանքների հրատապությունից և կատարման բարդությունից։
Այդ իսկ պատճառով օրվա առաջին կեսը զբաղեցնում են հենց հրատապ ու կենտրոնացում պահանջող աշխատանքները։
- Այդպիսիք են հաշիվ-ապրանքագրերի դուրսգրումը, մատակարարների հետ հաշիվների ճշտումը/հաստատումը։
- Ֆիքսված օրերին աշխատավարձերի և մատակարարների փոխանցումները հաշվապահի ամենաառաջին գործերից են։
Կեսօրից հետո սկսվում են աշխատավարձերի հաշվարկները, գործարքների փաստաթղթավորումը, աշխատողների գրանցման ու կրճատման աշխատանքները։
Կախված նրանից՝ աշխատակիցը պետք է գրանցվի տվյալ թե հաջորդ օրվա ամսաթվով, գրանցման աշխատանքները կատարվում են կամ մինչև 14:00 կամ դրանից հետո։
- Այնուհետև հերթը բանկային քաղվածքների ստացման, գործընկերների մնացորդների ստուգման, դրամարկղի գրքի լրացման ու դրամական հոսքերի հաշվետվության մշակման աշխատանքներինն է։
- Այս ամենին հետևում են խորհրդատվությունները ու ստացված տվյալների վերլուծությունները։ Աշխատանքային օրվա վերջում կատարվում է իրականացված աշխատանքի վերլուծություն։
Ինչպես նշեցինք, օրվա գրաֆիկը ավելի հագեցած է, երբ մոտ է հաշվապահների համար ոչ այնքան սպասված, բայց անխուսափելի օրը՝ ամսի 20-ը, որը ենթադրում է որոշ հաշվետվությունների ներկայացում՝ կախված նրանից, թե ինչ հարկատեսակներով է հարկվում կազմակերպությունը։
Կախված վերջնաժամկետների պարբերականությունից՝ ամենամսյա, եռամսյա և տարեկան, հաշվետվությունների կազմումն ու հարկային պարտավորությունների հաշվարկը մասնագետի ամենակարևոր ու պատասխանատու աշխատանքներից է։
Հարկերի վճարման մասով հաշվապահը գործատուին պարտավոր է նախապես պայմանավորված ժամկետներում ծանուցել հարկերի ու դրանց ծավալների մասին, ինչը ևս ներառվում է հաշվապահի աշխատանքների ցանկում։
Բնականաբար՝ կախված գործատուի հանձնարարություններից, ինչպես նաև կազմակերպության առանձնահատկություններից, աշխատանքային պարտականությունները կարող են ընդգրկել ինչպես ավելի շատ կետեր, այնպես էլ բացառել թվարկվածներից որոշները։
Բայց 90%-ով վստահ ենք՝ հաշվապահներն իրենց օրը տեսան այստեղ։